Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի ԼՂՀ-ի ճանաչման խորհրդարանական քվեարկությանը: «Այն միակ անգամը, որ մենք քվեարկելու ենք Ղարաբաղի ճանաչման համար, դա մի անգամ է լինելու և մենք քվեարկելու ենք կողմ: Բայց երբ մենք տեսնում ենք, որ պահը չի եկել, մենք համարում ենք, որ ավելի լավ է՝ ընդհանրապես չքվեարկել: Որովհետև մեր ձեռը չպիտի գնա դեմ քվեարկելու, անգամ՝ ձեռնպահ քվեարկելու»՝ երեկ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հաղթանակի այգի այցելած առաջին նախագահը հարցերի չի պատասխանել, կուսակիցներն են վերահաստատել նրա հոդվածի դրույթները: Գագիկ Ջհանգիրյանի խոսքով, Ղարաբաղի ճանաչումն այսօր նշանակում է հրաժարվել բանակցություններից: «Դա նշանակում է՝ մենք ինքներս մեզ Մինսկի բանակցային խմբից դուրս ենք դնում»,- ասաց պատգամավորը: Նա ռազմական գործողությունների կասեցումը համարում է Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության արդյունք:
Լևոն Զուրաբյանն այլ փաստարկ է բերում՝ գերտերություններն ընդունում են Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքն ու ցույց տալիս իրագործման ուղին՝ ինչո՞ւ է Երևանը ճանաչումով հրաժարվում դրանից. «Հայաստանը, ըստ էության, միջազգային հանրության աչքերում Ադրբեջանին տալիս է այն, ինչ դիվանագիտության մեջ կոչվում է casus belli՝ պատերազմ սկսելու արդարացում: Եվ մենք մեր ձեռքով պետք է տա՞նք դա իրենց»: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը, նախաձեռնելով ռազմական գործողություններ, իրեն դուրս չի դրել Մինսկի խմբի ձևաչափից: Բացի այդ՝ ինչպես Տեր-Պետրոսյանն էր գրել՝ ճանաչման հարցում առայժմ չկա միջազգային կազմակերպությունների կամ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությունը:
Թեև հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը հիշատակել էր Մադրիդյան սկզբունքները՝ առանձնացնելով հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կետը, Զուրաբյանը չի մեկնաբանում հարակից շրջանների վերադարձի հարցը. «Մենք բացարձակապես չպիտի մեկնաբանենք էսօրվա գոյություն ունեցող պլանը, առավել ևս, որ մենք չգիտենք պլանի դետալները: Իսկ դետալներից շատ բան է կախված: Մեկ ստորակետով կարող է պարզվել, որ տարածքները չպիտի տաս կամ պիտի տաս»: